Հասարակություն

Անահիտ Ավանեսյանն արձագանքել է Արսեն Թորոսյանին

Անահիտ Ավանեսյանն արձագանքել է Արսեն Թորոսյանին

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախկին նախարար, ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառմանը, թե այս համակարգի «ներդրումը կրկին իրականացվեց առանց պատշաճ պատրաստվելու»․

«Կարծում եմ՝ մեր բոլոր բարեփոխումներն էլ կարելի է հավիտյան հետաձգել և ասել, թե կլինեն հաջորդ դարերում ավելի պատրաստված հասարակություններ, տեխնիկաներ և այլն, ու ոչինչ չանել։ Մեր մոտեցումն է, որ մենք մեր նախանշած բարեփոխումները պետք է հստակ ժամկետներով իրականացնենք, և ցանկացած խնդիր, որ պրակտիկ կյանքում առաջ է գալիս, լուծելով առաջ գնանք։ Համակարգը պատրաստ է, բժիշկները պատրաստ էին»,- ասել է նա։

Ավանեսյանը նշել է, թե ինքը ծանոթանում է բոլոր գրառումներին ու քննադատություններին. «Կարևոր է , որ մեր գործընկերները, մեր քննադատները բարձրաձայնեն բոլոր հարցերը, մենք ևս տեղեկացված լինենք բոլոր հնարավոր խնդիրների մասին»։

Ինչ վերաբերում է Թորոսյանի դիտարկմանը, թե այսպես դեղատան աշխատակիցները հաղորդակից են լինում բժշկական գաղտնիքի հետ, նախարարը ասել է. «Բոլոր այդ մտահոգությունները մեր կողմից քննարկվում են, լուծումները արդեն տրվել են, որ հնարավորինս փակ լինի ինֆորմացիան։ Մենք խոսում ենք բժշկական գաղտնիքի և անձնական տվյալների մասին, բայց հենց թղթային շրջանառությունն էլ մեծամասամբ նպաստում է այդ գաղտնիքի արտահոսքին»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական