Հասարակություն

Ինչպե՞ս էլեկտրոնային դեղատոմսերով ձեռք բերել դեղ

Ինչպե՞ս էլեկտրոնային դեղատոմսերով ձեռք բերել դեղ

Մարտի 1-ից 400-ից ավելի դեղ հնարավոր է ձեռք բերել միայն էլեկտրոնային դեղատոմսերով։ Կառավարության որոշմամբ էլեկտրոնային տարբերակով դուրս կգրվեն անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, ինչպես նաև համակարգային ազդեցությամբ հակավարակային (հակաբակտերային, հակասնկային, հակամիկոբակտերային, հակավիրուսային դեղերի, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի) և միզոպրոստոլ պարունակող դեղերի դեղատոմսերը։ 

Էլեկտրոնային դեղատոմսով դեղ գնելու համար քաղաքացին պետք է դիմի բժշկի, որը «Արմեդ» համակարգի միջոցով դուրս է գրում դեղատոմսը։ Ցանկացած դեղատուն պետք է միացված լինի «Արմեդ» համակարգին և հնարավորություն ունենա վաճառել բոլոր տեսակի դեղատոմսերով դուրս գրվող դեղերը: 

Քաղաքացիները կարող են մոտենալ դեղատուն, ներկայացնել անձը հաստատող որևէ փաստաթուղթ` անձնագիր, նույնականացման քարտ կամ հանրային ծառայության համարանիշ (սոցքարտ): 

Դեղատան աշխատակիցը, մուտք գործելով համակարգ, տեսնում է բժշկի կողմից դուրս գրված էլեկտրոնային դեղատոմսը, դեղի անվանումը, քանակը և բաց է թողնում համակարգից: Քաղաքացինմ կարող է նաև բուժման ամբողջ կուրսի համար անհրաժեշտ քանակը ձեռք բերել մասնակի:

Էլեկտրոնային դեղատոմսով դուրս գրվող դեղերը բացառապես ախտորոշումից, անհրաժեշտ հետազոտությունից հետո նշանակվող միջոցներ են։ Օրինակ, բրոնխիտի կամ տոնզիլիտի դեպքում հակաբիոտիկները նշանակվում են միայն հետազոտությունից հետո, երբ բժիշկը համոզվում է, որ տվյալ ախտորոշումը բակտերիալ է, այլ ոչ վիրուսային, և նշանակում է հակաբիոտիկ:

Անձը էլեկտրոնային դեղատոմսով նշանակված դեղորայքը կարող է միանվագ բացթողման դեղի դեղատոմսի դեպքում ձեռք բերել 30–օրյա ժամկետում, իսկ բազմակի բացթողման դեղի դեղատոմսի դեպքում՝ 180 օրվա ընթացքում։

Հաճախակի հանդիպող հարցերից է՝ արդյո՞ք դեղ նշանակելու համար պետք է անձն ամեն անգամ վճարի բժշկին։ Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ էլեկտրոնային դեղատոմսը ներդնելուց հետո բուժման պրոցեսի մեջ ոչինչ չի փոխվում: Առողջության առաջնային պահպանման օղակում բժշկի խորհրդատվությունն անվճար է: Եթե բժիշկը նշանակում է հետազոտություններ և այց՝ ամիսը մեկ կամ վեց ամիսը մեկ, ապա դա պետք է ապահովվի: Իսկ եթե առկա է նեղ մասնագետի խորհրդատվության կարիք, ապա վերջինս կարող է դուրս գրել դեղատոմսը 6 ամիս ժամկետով կամ տալ խորհրդատվության թերթիկ, որում նշված դեղն էլեկտրոնային եղանակով ամեն ամիս դուրս է գրում տեղամասային թերապևտը:

Առցանց դեղատներից գնումները կիրականացվեն այնպես, ինչպես ներկայումս. նշվում են անձնական տվյալները, համակարգում ստուգվում է դեղատոմսի առկայությունը, դեղագետն ակտիվացնում է դեղատոմսը և դուրս գրում առաքվող դեղը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական