Կանանց միջազգային օրվան ընդառաջ՝ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) պաշտոնապես ներկայացրել է «Նորարար կանայք» (Women Innovators (WIN)) ծրագիրը տեղեկատվական մեծ հանդիպման շրջանակում։
Մարտի 7-ին կայացած միջոցառման ընթացքում ծրագրի դիմորդներին և հետաքրքրվողներին ներկայացվել է սպասվող վերապատրաստական ողջ ուղին, դիմելու կարգն ու ծրագրով ընձեռնվող հնարավորությունները։
«Նորարար կանայք» ծրագրի ղեկավար Լարիսա Ավետիսյանը բացման ելույթում նշել է, որ ծրագիրը կարող է էականորեն փոխել մասնակիցների կյանքը. «Այն, ինչ պահանջվում է ձեռնարկատիրական ծրագրերի սեփական գաղափարը վերածելիս՝ իրականում ավելի հեշտ է, քան այն, ինչ կանայք արդեն իսկ անում են ԳՏՃՄ ոլորտում աշխատելիս։ Պակասում է միայն առաջին քայլը, որի իրագործումը նպատակ ունի խթանելու WIN ծրագիրը։ Ծրագրում բացահայտելու ենք մասնակիցներից յուրաքանչյուրի անհատական նպատակները, այնպես որ ուղին խոստումնալից է լինելու»։
Միջոցառմանը ներկաների հետ իրենց հաջողության պատմություններն են կիսեցին GrittGene Therapeutics-ի, Proone Labs-ի և Anzo Bio-ի հիմնադիր Լուսինե Աբգարյանը, FiveBrane-ի հիմնադիր Աննա Շահինյանը և պատրաստակամություն են հայտնել աջակցելու մասնակիցներին իրենց խորհրդատվությամբ ու փորձով։
Ծրագիրն անվճար է ու բաց ԳՏՃՄ ոլորտում կրթական կամ աշխատանքային փորձ ունեցող կանանց համար։ Նպատակն է աջակցել և բացահայտել կանանց ներուժը ԳՏՃՄ ոլորտում՝ զարգացնելով նրանց առաջնորդության, ձեռնարկատիրական և փափուկ հմտություններն ու տրամադրելով գործնական կապերի ձևավորման հարթակ: Մասնակիցների գրանցման փուլը բաց է և հասանելի կլինի մինչև ապրիլի 15-ը։
FAST հիմնադրամն ստեղծվել է 2017 թվականին՝ Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս նպատակով հիմնադրամն իրականացնում է տարբեր նախագծեր, որոնք ուղղված են երեք կարևոր հիմնասյուներում՝ կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացում, խորքային փոփոխություններ բերելուն: Իր գործունեության վեց տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 12 հազար շահառուի համար։