ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձել է ՏՏ ոլորտը կարգավորող օրենսդրական նախաձեռնութանը։
Խորհրդարանական լսումների ժամանակ Սուքիասյանը հիշեցրել է, որ ռուս ռելոկանտները եկան Հայաստան. «Մարդիկ ՌԴ-ից տեղափոխվեցին ՀՀ, միջազգային այն կազմակերպությունները, որոնք, ասել էին՝ գնացեք Հայաստան, այդ ընթացքում ուսումնասիրում էին, և նրանց ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի լավագույն կադրերի վիզաների և բնակարանների խնդիրը լուծեին եվրոպական երկրներում՝ նրանց տեղափոխության համար։ Մի մասն այդ պատճառով է հեռացել ՀՀ-ից։ Բայց մյուս՝ մեծ մասը հեռացել է մեր հարկային քաղաքականությունից, հեռացել է մեր ենթակառուցվածքների ավելի ցածր լինելուց, ոչ մրցունակ լինելուց»։
Պատգամավորի խոսքով, կարևոր է, որ մասնագետը լինի Հայաստանում, միտք գեներացնի ու հարկ վճարի. «Այսօր միայն ու միայն պետք է աշխատենք բարձր որակավորում ունեցող մասնագետների հետ։ Երկու ճանապարհ ունենք՝ կամ մենք պատրաստենք այդ մասնագետին կամ մրցունակ հարթակ տանք, հնարավորություն տանք, որ նրանք տեղափոխվեն Հայաստան»,- ասել է նա։
Ըստ նրա, բոլոր երկրները հիմա մտածում են ինչպե՞ս անել, ինչպե՞ս հարթակ ստեղծել, որ որակավորված մասնագետները տեղափոխվեն իրենց մոտ. «Իհարկե, Վրաստանը չէր նստելու, նայելու, թե մենք ոնց ենք զարգանում։ Իրենք էլ իրենց հարթակը պետք է ստեղծեին։ Այնպես չէ, որ իրենք մեր դեմ ուղղված քայլ են արել, այլ ուզել են ավելի լավ պայման տալ, որ այդ մարդիկ գնան, Վրաստանում գործունեություն ծավալել»։