Հասարակություն

Քասախում հայրն ու որդիները քարկոծել են հարևանի մեքենան, ապա ծեծել ու դանակահարել նրան

Քասախում հայրն ու որդիները քարկոծել են հարևանի մեքենան, ապա ծեծել ու դանակահարել նրան

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված անհետաձգելի ծավալուն վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել էական փաստական տվյալներ` 2024թ․ փետրվարի 23-ին Կոտայքի մարզի Քասախ համայնքում 50-ամյա Վաղիկ Ասատրյանի սպանության և այլ հանցագործության դեպքերի վերաբերյալ։

Մասնավորապես, քննությամբ պարզվել է, որ 36-ամյա Ե․Ա․-ն նշված օրը` ժամը 16:00-ի սահմաններում, հոր՝ 64-ամյա Վ․Ա․-ի և եղբոր՝ Ա․ Ե․-ի հետ, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, խուլիգանական դրդումներով, առանց որևէ առիթի, հասարակության նկատմամբ անհարգալից և բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ, քարերով դիտավորյալ հարվածներ են հասցրել Քասախ գյուղի Վ.Սարգսյան փողոցի 7-րդ շենքի դիմաց կայանված՝ իրենց հարևան քաղաքացուն պատկանող «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենային։

Արդյուքնում` վնասել են մեքենայի ապակիները, կողային հայելիները, դիմացի թափարգելը, շարժիչի ծածկոցը՝ պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս:

Այնուհետև` ժամը 16:15-ի սահմաններում, Քասախ գյուղի Ս.Ջալալյան և Վ.Սարգսյան փողոցների խաչմերուկում նկատելով «Համմեր» մակնիշի ավտոմեքենայով երթևեկող Վաղիկ Ասատրյանին, Ե․Ա․-ն կրկին խուլիգանական դրդումներով, Վ.Ասատրյանին սպանելու դիտավորությամբ, ձայն տալով ու սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, կանգնեցրել է վերջինիս ավտոմեքենան, քաշելու եղանակով դուրս է հանել նրան ավտոմեքենայից։ Ապա հոր հետ միասին, լրացնելով մեկը մյուսի գործողությունները, ձեռքերով հարվածներ են հասցրել նրա գլխին և մարմնի տարբեր մասերին։ Իսկ Ե․ Ա․-ն իր մոտ եղած երկշեղբ դանակով առնվազն 6 հարված է հասցրել վերջինիս մարմնի կենսական կարևոր նշանակություն ունեցող մասերին։ Դրա հետևանքով Վ․․ Ասատրյանը, կարճ ժամանակ անց «Արմենիա» ՀԲԿ-ում գիտակցության չգալով, մահացել է:

Հանցագործությունն առերևույթ կատարած հայրը երկու որդիների հետ դիմել են փախուստի։

Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից 2024թ․ փետրվարի 24-ին միջնորդություններ են ներկայացվել հսկող դատախազին՝ Ե․Ա-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով, վերջինիս հոր՝ Վ․Ա․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով ու 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, իսկ եղբոր՝ Ա․Ե․-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են։

Որոշումներ են կայացվել ազատության մեջ գտնվող նշված 3 մեղադրյալներին դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի ՄՎ Նաիրիի բաժնին:

Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և երեք անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Փետրվարի 28-ին վերջիններս ինքնակամ ներկայացել են ՀՀ ԱԱԾ, որտեղ վերցվել են արգելանքի և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։

Նույն օրը միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերահաստատելու վերաբերյալ, որոնք բավարարվել են և անձինք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական