«ՄՏՍ-Արմենիա» ընկերությունն իր բաժնետոմսերի մի մասը նվիրաբերել է ՀՀ կառավարությանը։
Գործադիրի այսօրվա նիստում որոշում կայացվեց բաժնետոմսերը որպես նվիրատվություն ընդունելու մասին։ ««Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունը (այսուհետ՝ ընկերություն) հանդիսանում է «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 1000 դրամ անվանական արժեքով թվով 550.000 հատ բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատեր: Ընկերության ընդհանուր ժողովի 16.02.2024 թվականի նիստում որոշում է կայացվել և Ընկերությունը ցանկություն է հայտնել Հայաստանի Հանրապետությանը փոխանցել «ՄՏՍ Արմենիա» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերի 20 տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը»,- նշված է որոշման մեջ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե այդ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի. «Սա ընկերություններում ժողովրդի ներկայության միակ ձևաչափը չէ, ընդհանրապես, մեր ընկերություներին պետք է խրախուսենք, որպեսզի քաղաքացիների և բաժանորդների ներկայությունն ու մասնակցությունն ապահովվի ընկերությունների կառավարման գործում։ Այս առումով ուզում եմ ընդգծել հատկապես հեռահաղորդակցությունը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։