ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության 6 ամսյա՝ 40+10 հազարական դրամների ծրագիրն իրականացվում է, որպեսզի մարդիկ ընտրեն իրենց բնակության վայրը և որոշեն՝ արդյոք իրենց կյանքը կապո՞ւմ են Հայաստանի հետ։
«Եթե մարդը կենսականորեն իր ապագան կապում է ՀՀ հետ, նշանակում է՝ պետք է որոշենք քաղաքացիության փաստը, պատրաստ ենք կառավարության շատ զգալի աջակցությամբ սեփականության իրավունքով տուն ունենալու հետ կապված ճանապարհ անցնել։ Եթե մարդը և իր ընտանիքի անդամները որոշել են դառնալ ՀՀ քաղաքացի, ապա մենք կանենք այնպես, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամի թվով որոշակի գումար հասանելի լինի՝ տուն կամ բնակարան գնելու կամ կառուցելու համար, որտեղ 10 տարի ապրելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը»,- նշել է փոխվարչապետը։
Նա պարզաբանել է, որ սա կարող են անել սահմանամերձ բնակավայրերում արդեն իսկ գոյություն ունեցող՝ բնակարանաշինության համար 16 մլն դրամ աջակցության ծրագրերի շրջանակներում՝ ծրագիրը լավարկելով և ցանկում առկա բնակավայրերի քանակն ընդլայնելով։
«Կլինեն առավելապես գյուղական և որոշ քաղաքային բնակավայրեր, ոչ բոլորը կլինեն սահմանամերձ։ Նշված բնակավայրերն ընտրելու դեպքում աջակցության չափը կլինի փոքր ինչ ավել, քան բազայի դեպքում։ Մենք աջակցում ենք, որպեսզի ընտանիքը հնարավորություն ունենա բնակարան ունենալ, բայց պարտադիր չէ, որ դա լինի Երևանում: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ այդպիսի բնակարանների քանակը, որոնք այդ գնային սահմաններում են՝ 15-18 մլն, հասանելի են հիմնականում մյուս քաղաքային բնակավայրերում:
Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ 4 քաղաք է եղել, որտեղ 1 քմ հաշվով արժեքը 200 հազարից գերազանցում էր՝ Աբովյան, Դիլիջան, Ծաղկաձոր, Էջմիածին: Մյուս բնակավայրարում 1քմ-ն 200 հազար դրամից ցածր է, ինչը նշանակում է, որ մեր գումարը բավարարելու է այդ բանակավայրերում տուն կամ բնակարան գնելու համար: Սակայն մեք դիտարկել ենք նաև, որ մեկ տարվա ընթացքում այդպիսի բնակավայրերում վաճառվող բնակարանները կարող են մի քանի հազար լինեն, այդ իսկ պատճառով մտածում ենք, որ պետք է առաջնահերթություններ սահմանենք»,- ասել է փոխվարչապետը:
Ըստ նրա՝ առաջին փուլով նախապատվություն կտրվի այն ընտանիքներին, որոնք ունեն 3 և ավելի անչափահաս երեխա: Կառավարությունը, սակայն, կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել: Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում:
«Քաղաքացիություն ընդունելը կարևոր հանգամանք է, որն իր մտադրությունն է հաստատում՝ կենսականորեն Հայաստանում ապրելու փաստը ամրագրում է քաղաքացիություն վերցնելով։ Մենք այսպիսի մեծածավալ ծրագրեր՝ բնակարանային ապահովության մասով, բացառիկության կարգով ենք անում՝ 25 հազարը գերազանցող ընտանիքներ են, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 12-15, երբեմն 18 մլն դրամ, և դա բավականաչափ մեծ ներդրում է, որ մենք անում ենք այդ մարդկանց թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական ներառականությունն ապահովելու համար»,- ասել է Խաչատրյանը։
ՀՀ փոխվարչապետի խոսքով՝ մոտ 40 մլրդ ՀՀ դրամ է կազմել այն բյուջեն, որ 2023թ. կառավարությունը հատկացրել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների աջակցությանը։
«Որոշ միջազգային կազմակերպություններ կան, որոնք մեզ օգնում են այս ծրագրերի շրջանակներում. ծավալները չեմ ցանկանում քննարկել, որովհետև ՀՀ կառավարության կողմից ուղղակիորեն ծախսված գումարներն անհամեմատ ավելի մեծ են: Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին»,- նշել է նա:
Տիգրան Խաչատրյանը դրական է արձագանքել այն դիտարկմանը, որ ՀՀ կառավարության կողմից առաջարկվող բոլոր ծրագրերն արվում են այն բանի համար, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցները մնան Հայաստանում և ինտեգրվեն սոցիալական կյանքին: