Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կառավարության կողմից մշակվող՝ տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը: Ըստ այդմ` ծրագիրն ունի մի քանի որոշակի դրույթ.
● Կառավարության աջակցությունը տրամադրվելու է 3 հիմնական եղանակով, այն է՝ 1. աջակցություն տեղահանված անձանց բնակելի տուն կառուցելու հարցում, 2. աջակցություն տուն կամ բնակարան ձեռք բերելու հարցում, 3. այն անձանց, ովքեր օբյեկտիվ պատճառներով գնման կամ կառուցելու հնարավորություն չեն ունենա, տրամադրվելու են սոցիալական բնակարաններ։
● Կարևոր նախապայման է, որ բնակարանային ապահովման աջակցությունից օգտվեն այն անձինք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի։ Իսկ 10 տարի տվյալ տանը կամ բնակարանում ապրելու և որոշակի ֆինանսական պարտավորություններ կատարելու դեպքում այդ գույքը կանցնի վերջիններիս սեփականությանը։
● Աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ։
● Առաջին փուլում աջակցություն կստանան 3 և ավելի անչափահաս երեխաներով ընտանիքները, որոնց թիվը մոտավորապես 4100 է։ Հաջորդ փուլերում աջակցություն կստանան երկու և մեկ անչափահաս երեխաներով ընտանիքները, այնուհետև այլ խմբերի ներկայացուցիչները։
● Կառավարությունը կօգնի նաև նրանց, ովքեր սպասում են իրենց հերթին՝ այդ ժամանակահատվածում իրենց կեցության կամ վարձակալության մի մասը շարունակելով հատուցել:
● Նման աջակցություն նախատեսվում է տրամադրել թվով 25 հազարը գերազանցող ընտանիքների, որոնցից յուրաքանչյուրի մասով միջին աջակցության չափը կարող է կազմել 15, երբեմն 18 մլն դրամ։
● Այս ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել 5 տարվա ընթացքում:
● Անչափահասների մասով տրվող աջակցության չափը կլինի անվերադարձ, չափահասներինը՝ վերադարձելի, բայց ոչ աջակցության առաջին օրից սկսած։ Եթե վերադարձվող գումարն ընտանիքի չափահաս անդամները չկարողանան ապահովել, նրանք կշարունակեն ապրել այդ բնակարաններում՝ ուղղակի առանց այն վաճառելու և սեփականության իրավունքի: Իսկ եթե սահմանված չափը վերադարձնեն, ապա կստանան սեփականության իրավունք և կկարողանան վաճառել գույքը։
● Այս ծրագրի դեպքում շահառու են լինելու նաև նրանք, ովքեր Հայաստան էին տեղափոխվել մինչև 2023թ․ սեպտեմբեր կամ 2020թ. 44-օրյա պատերազմին հաջորդող ժամանակահատվածում։
● Եթե աջակցության միջին չափը լինի 3 մլն դրամ, ապա ամբողջ ծրագիրը պետության համար կարժենա մոտ 400 մլրդ դրամ: