Հասարակություն

Մակրոնի նախաձեռնությամբ՝ Փարիզում զրույց է տեղի ունեցել Փաշինյանի ու Փափազյանի միջև

Մակրոնի նախաձեռնությամբ՝ Փարիզում զրույց է տեղի ունեցել Փաշինյանի ու Փափազյանի միջև

Չորեքշաբթի օրը, փետրվարի 21-ին, Ֆրանսիայի պանթեոնում Միսաք Մանուշյանի և նրա կնոջ վերահուղարկավորության առիթով Նիկոլ Փաշինյանի Ֆրանսիայում գտնվելու հանգամանքից օգտվելով՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախաձեռնել է Նիկոլ Փաշինյանի և CCAF-ի (Ֆրանսիահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդ) համանախագահներ՝ Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի շփումը: Զրույցը տեղի է ունեցել Էմանուել Մակրոնի ներկայությամբ՝ Ելիսեյան պալատում կազմակերպված ընթրիքի ավարտին։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Փարիզի գրասենյակը։ 

«Նախագահ Մակրոնը բացել է զրույցը՝ հստակեցնելով, անհրաժեշտ է, որ Հայաստանի վարչապետի և Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների շփումների անհրաժեշտությունը, եթե նույնիսկ տարաձայնությունները կարող են բաժանել նրանց։ Նախագահ Մակրոնը բարձր է գնահատել Մուրադ Փափազյանի և Արա Թորանյանի՝ ի նպաստ Հայաստանի կատարած աշխատանքը։ Նա շեշտել է Հայաստանին պաշտպանելու նրանց վճռականությունը և Ֆրանսիայի հայ համայնքին, Ֆրանսիայի կառավարության և քաղաքական բոլոր դերակատարներին համախմբելու նրանց կարողությունը»,- ասված է հայտարարությունում:

Մշվում է, որ Ֆրանսիայի նախագահի խոսքերից հետո Մուրադ Փափազյանը ողջունել է այս նախաձեռնությունը։ Դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ CCAF-ի համանախագահը դատապարտել է իր նկատմամբ 19 ամիս շարունակված Հայաստանի մուտքի իրավունքի արգելանքի փաստը, ինչն, ի վերջո, վերացվել է Հայաստանի արդարադատության համակարգի կողմից։ 

Ըստ հաղորդագրության՝ Մուրադ Փափազյանն ընդգծել է այն տարաձայնությունները, որոնք կարող էր ունենալ Նիկոլ Փաշինյանն իր հետ՝ միաժամանակ պնդելով դրանք հրապարակայնորեն արտահայտելու իր իրավունքը՝ ազատ և ժողովրդավարական բանավեճի շրջանակներում։ 

«Նիկոլ Փաշինյանն ասել է, թե արգելել է Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան այն պատճառով, որ վերջինս 2021 թվականի հունիսի 1-ին Փարիզում ցույց է կազմակերպել նրա դեմ։ Մուրադ Փափազյանը, նաև պարզաբանել է, որ ցույցի իրավունքն արգելված չէ ժողովրդավարական երկրում»,- ասված է հաղորդագրությունում։ 

Զրույցի ավարտին նախագահ Մակրոնը մի կողմ է առանձնացել Հայաստանի վարչապետի հետ, որից հետո Փաշինյանը Մուրադ Փափազյանին հայտնել է, որ իշխանությունները Հայաստան վերադառնալու իր իրավունքը վերականգնելու որոշումը չեն բողոքարկելու։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական