Հասարակություն

17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը

17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը

Առաջին ընթերցումից հետո խմբագրական փոփոխություններ են արվել «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծում։

Ինչպես հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արմենուհի Հարությունյանը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, գործող օրենսդրությամբ սահմանված 17 պատվավոր կոչումներից կմնա միայն մեկը: Պատվավոր կոչումներ ստացած անձինք շարունակելու են օգտվել օրենսդրությամբ սահմանված իրենց իրավունքներից և արտոնություններից:

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անընդունելի է համարել օրենսդրական առաջարկը, նշել, որ մի քանի անհաջող օրինակների հիմնավորմամբ վերացվում է անձի անհատական արժևորման ինստիտուտը:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, վկայակոչելով համաշխարհային մրցանակաբաշխությունների ժամանակ տրվող կոչումները, արձանագրել է, որ արժեքավոր են այն կոչումները, որոնք տրված են ոչ թե պետությունների, այլ՝ անկախ կայացած մասնագիտական ակադեմիաների կողմից:

«Մենք բոլոր եղանակներով պետք է խրախուսենք արժանիքներ ունեցող մասնագետներին: Զուգահեռ չպետք է ստեղծենք իրավիճակ, երբ մարդն օգտագործում է այս կամ այն կոչումը որպես ոչ թե իր մասնագիտական ժառանգության կամ ստեղծագործության գնահատական, այլ՝ լրացուցիչ հնարավորություն օգտվելու որոշակի արտոնություններից, որոնցից չեն օգտվում մյուսները»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը:

Օրենսդրական փաթեթը ստացել է հանձնաժողովի դրական եզրակացությունն ու ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական