Հասարակություն

Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին

Անթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ներկայացրել  էԱնթուրայի թուրքական որբանոցում պատրաստված գոտու պատմությունը։  

«Հարություն Ալպոյաճյանն (1904-1994) ընտանիքի անդամների հետ 1915թ. տարագրվում է Կիլիկիայի Ֆընդըճագ լեռնային գյուղաքաղաքից: Տասնմեկամյա Հարությունը, գաղթի ճանապարհին կորցնում է իր հարազատներին, ապա հրաշքով փրկվելով մահից և անասելի չարչարանքներ ու զրկանքներ կրելով՝ հայտնվում է Անթուրայի թուրքական որբանոցում:

Այստեղ Հարությունը ենթարկվում է բռնի կրոնափոխման և ստանում է Շյուքրի անունը, իսկ նրա Ալպոյաճյան ազգանունը վերափոխվում է 535 թվանշանի: Պատերազմից հետո որբանոցի հովանավորությունը վերցնում է ամերիկյան Կարմիր խաչը: Կրոնափոխված հայ որբերը վերամկրտվում են և կրկին դառնում քրիստոնյաներ: Որբանոցից հետո Հարություն Ալպոյաճյանը հաստատվում է Սալոնիկում, իսկ 1925թ. հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան:

Շյուքրու-Հարությունն Անթուրայի որբանոցում գոտիներ է պատրաստել: Իր հուշերում Ալպոյաճյանը գրում է, որ առաջին անգամ, երբ որոշել է գոտի պատրաստել, թելերը վերցրել է մաշված գուլպաներից, իսկ որպես գործիք՝ օգտագործել է լարից պատրաստված ասեղը: Պատանի որբի կողմից պատրաստված գոտիների համբավը տարածվել է որբանոցում և դրա սահմաններից դուրս, և Շյուքրուն սկսել է պատվերով աշխատել: 1918թ. սկզբին, երբ Ջեմալ փաշան այցելել է Անթուրայի որբանոց, 535 համարի որբին ներկայացրել են թուրք պաշտոնյային` իբրև օրինակելի սան և ցույց են տվել նրա պատրաստած գոտին: Ջեմալը գովաբանել է փոքրիկ վարպետին և հրահանգել որբանոցի ղեկավարությանը նրա մասին հոգ տանել:

Հ. Ալպոյաճյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Կարմիր բանակի կազմում գերմանացիների դեմ մարտնչելիս գերի է ընկել և մի քանի տարի անցկացրել համակենտրոնացման ճամբարում: Պատերազմից հետո ստիպված է եղել դիմակայել ստալինյան ճամբարների դժնդակ պայմաններին»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական