Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ կապվող գազատարների վերականգման համար անհրաժեշտ աշխատանքների ծավալը հնարավոր կլինի որոշել գազատարների համալիր հետազոտության արդյունքներով. այս մասին Radar Armenia-ին հայտնել են Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ Միաժամանակ, ՏԿԵՆ-ից հայտնել են, որ երկու երկրների գազափոխադրման համակարգերը միմյանց կապող մայրուղային գազատարների վերականգման վերաբերյալ քննարկումներ չեն սկսվել։
Հիշեցնենք՝ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը դեռ 2023թ․ հոկտեմբերի 27-ին հայտարարել էր, որ քաղաքական հարցերի լուծման դեպքում Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։
Ըստ ՏԿԵՆ-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի գազափոխադրման համակարգերը միմյանց կապվել են․
«Ղազախ- Երևան Dպ1000»,
«Իլիչևսկ-Երևան Dպ700»
«Գորիս-Նախիջևան Dպ700» մայրուղային գազատարներով:
Հայաստանի տարածքում հնարավոր վերականգման ենթակա հատվածների մոտավոր երկարություններն են․
«Ղազախ-Երևան Dպ1000» L - 6 կմ, «Իլիչևսկ-Երևան Dպ700» L - 22 կմ, «Գորիս-Նախիջևան Dպ700» L - 16,5 կմ։
Իսկ որքան գումար է անհրաժեշտ դրանց վերականգնման համար, նախարարությունից չեն մանրամասնել՝ հայտնելով, որ գազատարի վերականգնման համար պահանջվող գումարի չափն ու աշխատանքների կատարման տևողությունը հնարավոր կլինի որոշել նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման արդյունքում:
Հայկ Մագոյան