Հասարակություն

12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս» ռեստորանի գործունեությունը կասեցվել է

12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելա. «Ջուլիս» ռեստորանի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը փետրվարի 8-ին առողջապահության նախարարություն «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հաղորդագրություն է ստացել այն մասին, որ, սուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ, «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ են տեղափոխվել երկու անձ:

Վերջիններս նախորդ օրը «Մինթ» ՍՊԸ-ին պատկանող «Ջուլիս» հանրային սննդի օբյեկտում (Երևան, Պուշկինի 39) կերել են սաղմոնով վաֆլի և սաղմոնով սպագետտի: Հաջորդող մի քանի օրերին բժշկի դիմել է նշված հանրային սննդի կետում սնված ևս 10 անձ, որոնցից 9-ը հոսպիտալացվել են: 12 հիվանդներից 9-ի մոտ հայտնաբերվել է սալմոնելլա: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Նույն օրը՝ փետրվարի 8-ին, բացված ստուգման հրամանի հիման վրա՝ ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները, վերահսկողական միջոցառումների շրջանակում, նմուշներ են վերցրել հանրային սննդի կետում առկա սաղմոն ձկից, ձվով սոուսից ու ձվից և ներկայացրել լաբորատոր փորձաքննության:

Արդյունքում պարզվել է, որ «Մարինացված սաղմոն ձուկը»՝ ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «Սոուս Հովանդեզը» ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ և Proteus ցեղի մանրէներ ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:

ՀՎԿԱԿ-ի կողմից «Ջուլիս» ռեստորանի աշխատակիցներից վերցված քսուքների մանրէակրության վերաբերյալ հետազոտության արդյունքերով աշխատակիցներից երեքի մոտ (խոհարար, մատուցող, սպասք լվացող) հայտնաբերվել է Սալմոնելլա` Salmonella enteriditis, իսկ մեկի մոտ՝ սալմոնելլա խմբի մանրեների ԴՆԹ:

Շրջակա միջավայր մակերեսներից վերցված 30 լվացուկի մանրէաբանական հետազոտությամբ դրանցից 5-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ):

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Ջուլիս» հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվում է:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական