Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի տոնը, որը խորհրդանշում է 40-օրյա մանուկ Հիսուսի ընծայումը տաճարին։ Տոնի սկիզբն ազդարարվել է փետրվարի 13-ի երեկոյան։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության մասնակցությամբ կատարվել է երեկոյան ժամերգություն:
Հավարտ ժամերգության, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի է ունեցավ նախատոնակ, որից հետո կատարվել է տարվա առաջին Անդաստանը՝ օրհնվել են աշխարհի չորս կողմերը:
Այնուհետև «Քրիստոս փառաց» տաղի երգակցության ներքո Սուրբ Գայանե վանքի Խորանի կանթեղից վառված մոմով Նորին Սրբությունը Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու լույսը փոխանցել է ներկա հավատավոր ժողովրդին:
Նախատոնակից հետո հոգևորականների թափորն ուղղվել է դեպի միաբանական շենքի շրջափակ, ուր, ներկայությամբ բազում հավատացյալ հայորդիների, ձեռամբ Հայոց Հովվապետի, վառվել է Տեառնընդառաջի խարույկը: Նորին Սրբությունը նաև հավատավոր հայորդիներին ընծայել է խաչեր:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից Տեառնընդառաջի տոնը հռչակվել է նորապսակների օրհնության օր: Այս կապակցությամբ փետրվարի 14-ին` եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի նորապսակ զույգերի օրհնության կարգ: