Հասարակություն

Գողացված և կրկնակի վաճառված մեքենան հայտնաբերվել է

Փետրվարի 7-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ փետրվարի 6-ի ժամը 10-ից փետրվարի 7-ի ժամը 18-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Շիրակացու փողոցի իրենց շենքի մոտ կայանված «Մերսեդեսը»:

Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մուշի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Թալինի 39-ամյա բնակիչը և ինքնությունը դեռևս չպարզված անձի էվակուատորով տեղափոխել Թալին, որտեղ արդեն մեքենան վաճառել է 43-ամյա համաքաղաքացուն, որն էլ այնուհետև վաճառել է Թաթուլ գյուղի 42-ամյա բնակչին:

«Մերսեդեսը» հայտնաբերվել և առգրավվել է:

Թալինցի 39-ամյա և 43-ամյա տղամարդիկ հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Քրեական վարույթը շարունակվում է: