Հասարակություն

ՌԴ քաղաքացին Գյումրիում Volkswagen-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա տղայի

Փետրվարի 10-ին վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 40-ամյա Համլետ Հ.-ն իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Մարմաշենի խճուղի 6/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն, Շիրակի մարզի բնակիչ, 13-ամյա Աշոտ Մ.-ին։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխային նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոց։

Վրաերթի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան ռեանիմոբիլով տեղափոխել է Երևանի հիվանդանոցներից մեկը, բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժնի պահպանվող հատուկ տարածք։