Հասարակություն

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և պետական խորհրդի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և պետական խորհրդի նախագահ Լի Ցյանին՝ չինական Նոր տարվա առիթով:

Սի Ծինփինին ուղղված ուղերձում նշված է.

«Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Գարնան տոնը պատմության խորքից եկող, միևնույն ժամանակ արդիական, ամենասիրված ընտանեկան տոնն է Չինաստանում։ Թող այն առողջություն, նոր ձեռքբերումներ և ուրախություն բերի բոլոր ընտանիքներին։

Հայ-չինական ավանդական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով: Հայաստանի կառավարությունը մեծ կարևորություն է տալիս հայ-չինական հարաբերություններին՝ դիտարկելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ բազմաբնույթ, այդ թվում նաև՝ տարածաշրջանային նախաձեռնություններում փոխգործակցության զարգացումն իր արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում: 

Լիահույս եմ, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի էլ ավելի ընդլայնել և խորացնել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերված գործընկերային հարաբերությունները, այդ թվում նաև՝ բարձրաստիճան այցերի ակտիվացման միջոցով:

Կրկին շնորհավորելով այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և բարեկեցություն, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

Լի Ցյանին ուղղված ուղերձում ասված է.

«Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական Նոր տարվա՝ Գարնան տոնի առթիվ։ Մաղթում եմ, որ այս գեղեցիկ տոնն իր մեջ ամփոփի բարեկամ չին ժողովրդի համազգային նպատակների և ձգտումների կյանքի կոչման նվիրական խորհուրդը։ 

Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և վստահության վրա, կայուն զարգացել և ամրապնդվել են դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր: Հայաստանը պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը դրանք առավել խորացնելու համար։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, բարօրության, խաղաղության և ներդաշնակության իմ անկեղծ բարեմաղթանքները»։