Հասարակություն

Վոյելբոլի առաջնություն՝ ՊՆ վարչական համալիրում․ ներկա է եղել Սուրեն Պապիկյանը

ՊՆ վարչական համալիրի մարզադահլիճում հունվարի 29-ին մեկնարկած ՊՆ կենտրոնական ապարատի ստորաբաժանումների հավաքական թիմերի մասնակցությամբ անցկացված վոլեյբոլի առաջնությունը հատել է եզրագիծը: Փետրվարի 9-ին տեղի է ունեցել առաջնության եզրափակիչ հանդիպումը, և անզիջում պայքարում որոշվել է հաղթող թիմը:

Առաջնության եզրափակիչ խաղին հետևել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Շնորհավորելով մասնակիցներին և գոհունակություն հայտնելով առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու համար` նախարար Պապիկյանն ընդգծել է, որ մարզական միջոցառումները կարևոր նշանակություն ունեն զինված ուժերում և, առաջին հերթին, միտված են անձնակազմի ֆիզիկական տվյալների զարգացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը, ինչպես նաև ծառայողական լարվածության որոշակի թոթափմանը։

«Այսօրինակ միջոցառումները պետք է լինեն շարունակական, անցկացվեն բանակային զորամիավորումներում և վարակիչ տարածում ունենան զինծառայողների շրջանում: Մենք ինքներս էլ պետք է մասնակից դառնանք նմանօրինակ մարզական միջոցառումների»,- ամփոփել է նախարար Պապիկյանը։

Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած զինծառայողներն ու քաղաքացիական ծառայողները պարգևատրվել են պատվոգրերով և մեդալներով, մի շարք անվանակարգերում պատվոգրերի են արժանացել նաև այլ մասնակիցներ, իսկ առաջին երեք հորիզոնականները զբաղեցրած հավաքական թիմերին հանձնվել են առաջնության գավաթները: