Հասարակություն

«Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում». վարչապետ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, թե մոդուլյար տեխնոլոգիաների դեպքում, երբ տեղի է ունենում ատոմային ռեակտորի վթար, դա համարվում է լոկալ միջադեպ։ Նա նշել է, թե այս մասին իրեն զեկուցել են միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեում։

Ըստ վարչապետի, սա նշանակում է, որ եթե մոդուլյար ատոմային էլեկտրակայան է կառուցված, ու նրա մոտակայքում կա բնակավայր, երբ տեղի է ունենում վթար, մոտակա բնակավայրի բնակչությունը չի տարհանվում, որովհետև վթարը շրջակա բնակչության համար վտանգ չի ներկայացնում. «Այս տեխնոլոգիայի առավելություններից մեկը հենց սա է․ սրա մասին պետք է իմանան քաղաքացիները»,- ասել է վարչապետը։ 

Փաշինյանն ընդգծել է, որ այս հարցը քննարկվել է Անվտանգության խորհրդում ու կայացվել որոշում, որ պետք է գնալ անհրաժեշտ համաձայնագրերի ստորագրման ճանապարհով. «Ուսումնասիրում ենք բոլոր հնարավոր տարբերակները, թե որն է Հայաստանի շահերին առավել համապատասխան․ այս պահին չենք կարող ունենալ վերջնական որոշում»։ 

Ըստ նրա՝ հիմա անհետաձգելի է միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ինստիտուցիոնալ կարողությունների ուժեղացումը. «Շուտ պետք է արած լինեինք, բայց լավ է, որ գոնե հիմա ենք անում»։