Հասարակություն

Ռուստամ Բադասյանը ՄԹ-ում քննարկել է խաղային ոլորտի կարգավորումներն ու կրիպտոարժույթների ակտիվների հարկման ընթացակարգերը

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, Լոնդոն կատարած աշխատանքային այցի շրջանակում, մի շարք առանցքային հանդիպումներ է ունեցել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հարկային և մաքսային վարչարարություն իրականացնող մարմնի՝ Նորին Գերազանցության Եկամուտների և Մաքսային ծառայության ղեկավար Ջիմ Հարրայի և գլխավոր տնօրեն Ջոնաթան Էթոուի հետ։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են խաղային ոլորտի կարգավորումները, կրիպտոարժույթների ակտիվների հարկման ընթացակարգերը, ինչպես նաև Միասնական հաշվետվողական ստանդարտի (CRS) հետ կապված վարչարարական հիմնախնդիրները։ Միաժամանակ, քննարկվել են Հայաստանում խաղային գործունեության կարգավորման նպատակով ներդրվող Էլեկտրոնային կառավարման համակարգի և խաղային արտադրանքների համար պարտադիր տեխնիկական ստանդարտների սահմանման հետ կապված հիմնախնդիրները։

Նորին Գերազանցության Եկամուտների և Մաքսային ծառայության պատասխանատուների կողմից ներկայացվել են նշված ուղղություններով օրենսդրական կարգավորումների՝ Միացյալ Թագավորության փորձը, որն էական նշանակություն ունի Հայաստանում նշված համակարգերի ներդրումն ապահովելու տեսանկյունից։