Հասարակություն

Նախարարն ընդունել է Nokia և Ucom ընկերությունների ներկայացուցիչներին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է Nokia ընկերության ներկայացուցիչներին՝ ընկերության Եվրոպայի բջջային ցանցերի գծով փոխնախագահ Պիտեր Վուկովիչի գլխավորությամբ:

Հանդիպմանը ներկա էին նաև Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր և կառավարման խորհրդի համանախագահ Արտյոմ Խաչատրյանը:

Նախարարը ողջունել է հյուրերին, կարևորել Nokia և Ucom ընկերությունների միջև համագործակցությունը՝ ցանցի արդիականացման և ծառայությունների բարելավման տեսակետից, որը կբարձրացնի շարժական կապի հասանելիությունը և կնպաստի տվյալների փոխանցման արագությանն ու թողունակությանը:

Nokia ընկերության ներկայացուցիչը նշել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում և մեկնարկը տալ այն նախագծի արդեն իրագործմանը, որը նոր հնարավորություններ կստեղծի որոշ խնդիրների լուծման և մրցակցային դաշտում մարտահրավերների հաղթահարման տեսակետից:

Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ այս ամենը շուրջ 1 տարվա հետևողական աշխատանքի արդյունք է և լուրջ ձեռքբերում ընկերության համար:

Նշենք, որ Nokia և Ucom ընկերությունների միջև առաջիկայում համագործակցության պայմանագիր կստորագրվի:

Նախարարը հաջողություն է մաղթել ընկերություններին նոր մակարդակի գործընկերության ճանապարհին և շեշտել, որ այս համագործակցությունը դրական փոփոխություն կբերի Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում՝ նպաստելով ենթակառուցվածքների զարգացմանը: