Հասարակություն

Ձկնորսության թույլատրելի քանակը 2024թ. որսաշրջանի համար սահմանվել է 257 տոննա

Շրջակա միջավայրի նախարարությունը կթույլատրի 2024 թվականին իրականացնել Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս: Կառավարության որոշմամբ հաստատվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսի թույլատրելի չափաքանակները և ժամանակահատվածը։

  • Ձկնորսության թույլատրելի առավել քանակությունը 2024 թվականի որսաշրջանի համար սահմանվել է 257 տոննա
  • 2024 թվականի համար Սևանա լճում կարաս և խեցգետին կենդանատեսակների համար արդյունագործական որսի չափաքանակ չի սահմանվել,
  • Արգելվում է որսն իրականացնել հանգուցային, արտադրված մեքենայական կամ ձեռքի միջոցով, սինթետիկ նեյլոնե կամ այլ պոլիամիդային մանրաթելերից, թելի տրամագիծը
  • 0.5 մմ-ից պակաս և ցանցավանդակի չափը 80 մմ-ից պակաս (ցանցավանդակի կառուցողական քայլի չափը 40 մմ-ից պակաս) ձկնորսական ուռկաններով (ցանցեր),
  • Սևանա լճում կենդանական պաշարների օգտագործման մասին պայմանագրերի գործողության ժամկետ է սահմանվել 2024 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։

Որոշման նախագծի համար հիմք են հանդիսացել ԳԱԱ «Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից Սևանա լճում ձկան պաշարների գնահատման համար իրականացված ուսումնասիրությունները։

Սևանա լճում սիգ ձկնատեսակի արդյունագործական նպատակներով որս իրականացնել ցանկացող իրավաբանական անձինք կարող են մինչև ս.թ փետրվարի 22-ը ներառյալ պայմանագիր կնքելու մասին հայտերը ներկայացնել Շրջակա միջավայրի նախարարություն։