Միջազգային

Մահաբեր աղետը հարվածել է Վրաստանի արևմուտքին

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Վրաստանում տեղումներն առաջացրել են սողանքներ և ջրհեղեղ։ Շատ գյուղեր կտրվել են արտաքին աշխարհից. տեխնիկական օգնությունը ժամեր շարունակ չի կարողացել հասնել մարդկանց։

Տուժել են բազմաթիվ ընտանիքներ, կան նաև զոհեր։ Ձյան տեղումները, ձնահյուսերը, սողանքը, փոթորիկը և ջրհեղեղը միաժամանակ, փետրվարի 6-ին, հարվածել են Արևմտյան Վրաստանին։ Տարածաշրջանի մի քանի գյուղերի բնակիչներ լրջորեն տուժել են, բարձր լեռնային շրջաններում ձնահյուսի հետևանքով մահացել են մարդիկ:

Աջարիայի կառավարությունը հայտնում է երկու զոհի մասին։ Դեպքի վայրից տարհանվել է 70 ընտանիք։ 150 գյուղում առատ ձյան տեղումների պատճառով մարդիկ մնացել են առանց էլեկտրականության, իսկ տեխնիկան ու մասնագետները չեն կարողացել հասնել նպատակակետին: Այլ բնակավայրերում սողանքի և ջրհեղեղի պատճառով հեղեղվել են փողոցներ ու տներ:

Ճանապարհներին կոլապս է առաջացել։ Տարբեր մակարդակների մի քանի մայրուղիներ պարզապես կաթվածահար են եղել։ Տուժել է երկաթուղին, չեղարկվել են ուղերթները: Ձյան և բքի պատճառով ընդհատվել է ուսումնական գործընթացը տարածաշրջանի 69 դպրոցում: