Հասարակություն

Նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկում որակյալ շինաշխատանքների կազմակերպումը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, պատգամավորներ՝ Դավիթ Առուշանյանը և Միքայել Թումասյանը, Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում:

Նախարարը նախ ծանոթացել է հանձնուքների համար նախատեսված սրահի պայմաններին, զրուցել է քաղաքացիների հետ, լսել վերջիններիս առաջարկություններն ու դժգոհությունները:

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է նաև «Արմավիր» ՔԿՀ-ի օդափոխման համակարգին, պատժախցերի, երկարատև, կարճատև տեսակցության սենյակների պահման պայմաններին, վերանորոգված գրադարանին, փաստաբան-վստահորդ տեսակապի ապահովման սենյակին, ինչպես նաև ՔԿՀ-ում առկա տեսահսկման սարքավորումներին ու դրանց աշխատանքին: Նախարարը կարևորել է քրեակատարողական հիմնարկում պատշաճ և որակյալ շինարարական աշխատանքների կազմակերպումը։

Այս ուղղությամբ մի շարք հանձնարարականներ են տրվել: Գրիգոր Մինասյանը ներկա է գտնվել նաև քրեակատարողական հիմնարկում կազմակերպված՝ Պարույր Սևակի 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր հիմնարկում գործող Ինքնագործ մշակութային միավորման անդամ դատապարտյալների կողմից: Միջոցառմանը մասնակցել են նաև Պարույր Սևակի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանների տնօրեններն ու այլ հյուրեր: