Հասարակություն

Եթերում նվազեցվում են հանցավոր ենթամշակույթով ֆիլմերը

ԱԺ-ն քննարկել է «Տեսալսողական լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Ըստ այդմ, առաջարկվում է արգելել հանցավոր ենթամշակույթի քարոզչություն պարունակող ֆիլմերի և հեռուստասերիալների ցուցադրությունը ժամը 06:00-ից մինչև 00:00-ն։ 

Օրենքի համահեղինակ, ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, թե նման ֆիլմերի և հեռուստասերիալների ցուցադրությունը պետք է սահմանափակվի օրենքով թույլատրված չափով։ Ըստ նրա՝ հեռուստատեսությամբ հաճախ կարելի է հանդիպել հանցավոր ենթամշակույթի քարոզչություն պարունակող ֆիլմեր, սերիալներ կամ հաղորդումներ։ Դրանք, Հովհաննիսյանի կարծիքով, բացասաբար են անդրադառնում անչափահասների վրա և նպաստում այդ ենթամշակույթի ու հանցավոր կերպարների ռոմանտիզացիային։ Ավելին, ըստ Հովհաննիսյանի, անչափահասները  հաճախ ցանկություն են ունենում կրկնօրինակել հանցավոր ենթամշակույթի ներկայացուցիչներին, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց մտածողության վրա։