Հասարակություն

Կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկվել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը տեղեկացրել է, որ Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործման հետ կապված առկա խնդիրների իրավակարգավորման նպատակով «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ամրագրվել է հորից ջրօգտագործման դադարեցման դեպքում հորի լուծարման կամ կոնսերվացման աշխատանքները հիդրոշինարարական թույլտվություն ունեցող կազմակերպության կողմից իրականացնելու պահանջ, նախատեսվել է արգելք լուծարված հորատանցքերի, իսկ առանց ջրօգտագործման թույլտվության' նաեւ կոնսերվացված հորատանցքերի վերաբացման համար:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել են մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական տույժեր կիրառել, ինչպես նաեւ խստացված վարչական պատասխանատվություն լուծարված հորերի վերաբացման կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ այդ նպատակով հորատում իրականացնելու կամ կոնսերվացված հորատանցքեր վերաբացելու, ինչպես նաև արտեզյան ջրերից ջրօգտագործման դեպքում ջրօգտագործման թույլտվության պահանջները չկատարելու համար:

Գործող պատասխանատվության հոդվածներից առանձնացվել են սիգ ձկնատեսակի համար նախատեսված դեպքերը և դրանց համար սահմանվել են առավել խիստ պատասխանատվության միջոցներ:

«ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է քրեական պատասխանատվություն լուծարված հորատանցքերը վերաբացելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրօգտագործում իրականացնելու կամ առանց ջրօգտագործման թույլտվության կոնսերվացված հորատանցքերի վերաբացելու համար, եթե դա խոշոր չափերի գույքային կամ այլ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին, գյուղացիական տնտեսությանը, շինություններին, մշակութային արժեքներին, կենդանական կամ բուսական աշխարհին կամ դրանց պաշարներին, հողին, ջրերին կամ հասարակության կամ պետության այլ օրինական շահերին:

Սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150.000 դրամը գերազանցող գումարը:
Ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը, ինչպես նաև Սևանա լճից սիգ ձկնատեսակի ապօրինի որսը կամ ապօրինի արդյունահանումը:

Մտքերի փոխանակության ընթացքում պատգամավորները կարեւորել են ապօրինի ջրառի, սիգ ձկան ապօրինի արդյունահանման և որսի դեմ պայքարը:
Անհրաժեշտ է համարվել ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարություն ունենալ՝ հաշվի առնելով մի շարք հանգամանքներ:

Նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը հայտնել է, որ այժմ Շրջակա միջավայրի նախարարությունը մշակում է շրջակա միջավայրի վերաբերյալ ռազմավարություն, որի մեջ մտնում է նաև ջրի կառավարման նոր ռազմավարություն՝ կապված մարտահրավերների հետ:
Նա տեղեկացրել է, որ նախագծի հետ կապված քննարկումներ անցկացվել են և՛ գիտական համայնքի, և՛ շահագրգիռ կողմերի հետ: