Հասարակություն

«Հայաստանում ոսկու ձուլակտոր չի արտադրվում». նախարար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում հայտարարել է, թե կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը մոտեցնում է նախանշված թիրախին` ապրանքների ու ծառայությունների արտահանման ցուցանիշը հասցնել ՀՆԱ-ի 60%–ին։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նախարարին հարցրել է՝ Հայաստանում ձուլակտորներ արտադրվո՞ւմ են․

«Ինչպե՞ս ստացվեց, որ երկրում, որտեղ գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը տարեկան կտրվածքով  1,2 ու 4,5%–ի չափով են աճել, հանկարծ արտահանումները մեծացան, ինչպե՞ս եղավ, որ ադամանդների արտահանումը 660 միլոն դոլարի կարգի դարձավ»,- հարցրել է Խաչատրյանը:

Վահան Քերոբյանն էլ պատասխանել է, որ Հայաստանում  ոսկու ձուլակտոր չի արտադրվում։ Ինչ վերաբերում է ոսկու հանքերին, Քերոբյանը նշել է, որ այնտեղ անմշակ ոսկի է արտահանվում. «Դա Հայաստանում դեռևս վերջնական  ստանդարտի ոսկու ձուլակտոր չի դառնում, բայց այդ ուղղությամբ աշխատում ենք ու, հավանական է, կունենանք նորություններ»։

Քերոբյանը տեղեկացրել է, որ Հայաստանում մոտ 10 ընկերություն կա, որ զբաղվում է ոսկու, պալադիումի ու պլատինի արտաքին առևտրով: