Հասարակություն

Թուրքական փամփուշտը՝ հայ կնոջ մարմնի մեջ

«Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը» ներկայացրել է հայազգի կնոջ՝ Հայկանուշ Մկրտչի Հալաջյանի պատմությունը։ 
 
«Հայկանուշ Մկրտչի Հալաջյանը (օրիորդական ազգանունը` Եղիկյան, 1890-1974 թթ.) իր ողջ գերդաստանի հետ 1915 թվականին բռնի տեղահանվել է հայրենի բնակավայր Սեբաստիայից: Դեպի Դեր Զոր բռնագաղթի ճանապարհին հայ տարագիրները ենթարկվել են դաժան փորձությունների: Թուրք ժանդարմները տանջել և սպանել են Հայկանուշի ազգականներին, նրա ներկայությամբ գլխատել մորը:
 
Երիտասարդ աղջիկը նետվել է մորը պաշտպանելու և այդ պահին ծանր վիրավորվել է թուրք ժանդարմի կողմից: Փամփուշտը մխրճվել է կրծոսկրի մեջ, սակայն, ճակատագրի բերումով՝ Հայկանուշը չի մահացել: Ազգականները մի կերպ իրենց հետ քարշ են տվել վիրավոր երիտասարդ կնոջը, ով այնքան է ուժասպառ եղել, որ չի կարողացել իր հետ վերցնել 3 տարեկան միակ որդուն` Վարդգեսին:
 
Արյունաքամ մայրը զավակին թողել է գաղթի ճանապարհին, սակայն հետո վերադարձել և վերցրել է երեխային, որը, սակայն, հենց նույն գիշեր հյուծվածությունից հոգին ավանդել է: Բռնագաղթից հետո Հայկանուշը վերադարձել է Սեբաստիա, նոր ընտանիք կազմել, արու զավակ ունեցել, որդեգրել է նաև մի որբ աղջկա, ապա ընտանիքով տեղափոխվել է Ֆրանսիա:
 
1936 թվականին Հայկանուշ Հալաջյանը հայրենադարձվել է Սովետական Հայաստան: Հայկանուշն ապրել է 84 տարի` իր կրծքում մխրճված թուրքական փամփուշտով և կոտորածի մղձավանջային հիշողություններով: Մահից առաջ որդուն` Հրաչյային, խնդրել է, որ թուրքական գնդակը չթաղի հայոց հողում: Հայկանուշի դիահերձման ժամանակ պարզվել է, որ փամփուշտը սերտաճել է ոսկորին և մարմնից հանելու ժամանակ պոկվել է ոսկորի հետ:
 
Թուրքական այս փամփուշտը դարձել է Հայկանուշի կյանքի և մարմնի անբաժանելի մասը` մինչև վերջին շունչը նրան հիշեցնելով իր ապրած ողբերգական օրերի մասին»: