Հասարակություն

Քննարկվել է մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ 2024 թվականի առաջին խորհրդակցությունը։ Նախարարը խորհրդակցության սկզբում ներկայացրել է նախարարության 2023 թվականի կատարողականը, որը կազմում է 98,2 %։ Կապիտալ ծրագրերի կատարողականը 96,1 % է, իսկ սուբվենցիոն ծրագրերի կատարողականը՝ 132 %:

Նախարար Սանոսյանն ընդգծել է, որ դա համատեղ աշխատանքի արդյունք է և հորդորել այս տարի ևս պահել աշխատանքի նույն տեմպը։ Խորհրդակցության ժամանակ նախարարը  մարզպետներին, ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանին հանձնարարել է սերտ փոխգործակցության, ինչպես նաև ճանապարհների պահպանության և շահագործման մոնիթորինգի առցանց ծրագրի միջոցով օպերատիվ վերահսկողություն իրականացնել ընդհանուր օգտագործման միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները սպասարկող կապալառու ընկերությունների կողմից ձնամաքրման և ճանապարհների մշակման աշխատանքների նկատմամբ։ 

Նախարարը «300 դպրոց և 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում մարզպետներին հանձնարարել է ամենօրյա ռեժիմով հետևել դպրոցներում և մանկապարտեզներում տարվող շինարարական աշխատանքների ընթացքին։ 

Նախարար Սանոսյանը հանձնարարել է նաև կառուցված և շահագործման հանձնված, ինչպես նաև կառուցված և դեռևս շահագործման չհանձնված դպրոցներում և մանկապարտեզներում իրականացնել ստուգայցեր, խստագույնս հետևել կրթական հաստատություններում գույքի պահպանմանը և խնամքին։ 

Նախարարը հանձնարարել է շարունակական աշխատանք տանել համայնքների հետ՝ վերջիններիս կողմից օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՄԺԾԾ-ները հաստատելու բյուջետային պարտադիր առաջադրանքը կատարելու նպատակով։ Քննարկվել է նաև մարզերում միասնական երթուղային ցանցի ներդրման աշխատանքների հետ կապված հարցեր։ 

ՏԿԵՆ ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետ Արտակ Ալբերտյանը ներկայացրել է համայնքների սեփական եկամուտների հավաքագրման արդյունքները։ Ըստ այդ տվյալների՝ 2023 թվականին նախատեսված էր հավաքագրել 40, 124․5 մլն  դրամ, հավաքագրվել է 41, 612․5 մլն դրամ։ Կատարողականը կազմել է 103,7 %։  2022 թվականի համեմատ 34,9 % կամ 10, 767․2 մլն դրամով ավել հավաքագրում է իրականացվել։