Հասարակություն

Ըստ տղամարդու հաղորդման՝ իր որդիներին առևանգել են և պատրաստվում են վաճառել նրանցից մեկի երիկամը

Հունվարի 30-ին ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել 64-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Երևանում բնակվող ծանոթներից մեկն առևանգել է իր 2 որդիներին։ Տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ զավակներից մեկը 21, մյուսը՝ 23 տարեկան է, և նրանց առևանգողը պատրաստվում է վիրահատել ու վաճառքի հանել 21-ամյա որդու երիկամը, իսկ իր որդիների գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ։

Radar Armenia-ին ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին, որ հաղորդման հիման վրա կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին։

Քննչական կոմիտեից էլ հայտնեցին, որ անձից հաղորդում է ստացվել 21 և 17 տարեկան որդիների առերևույթ առևանգման վերաբերյալ․ «Հաղորդման առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով։ Իրականացվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։ Նախնական տվյալներով՝ նշված անձինք տևականորեն բնակվում են ԱՄՆ-ում։ Այդուհանդերձ, միջոցներ են ձեռնարկվում հաղորդմամբ նշված տվյալների իսկությունը պարզելու ուղղությամբ»։

Հայկ Մագոյան