Հասարակություն

Փորձել է խլել ինքնաձիգը. նոր մանրամասներ՝ Գորիսում հնչած կրակոցներից

Shamshyan.com-ը նոր մանրամասներ է հայտնել օրերս Գորիսում տեղի ունեցած կրակոցներից։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։

Վիճաբանություն-ծեծկռտուքին մասնակցել են Սյունիքի մարզի բնակիչներ 39-ամյա Մհեր Մուսայելյանը, ով եղել է BMW մակնիշի ավտոմեքենայով, որի ժամանակ վերջինս կրակոցներ է արձակել 49-ամյա Նիկոլայ Աբրահամյանի կողմից վարած ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ այդ պահին ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայով Ն. Աբրահամյանի ուղղությամբ երթևեկող նրա եղբայրը՝ 41-ամյա Ալիկ Աբրահամյանը, մոտեցել է նրանց և փորձել է միջամտել, որի ժամանակ Մ. Մուսայելյանը կրակոցներ է արձակել նաև նրա ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վերջինս  «ձախ ազդրոսկրի միջին ստորին երրորդականի հրազենային, գնդակային կույր վիրավորում, ձախ ազդրոսկրի դիաֆիզի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք, ոսկրային ֆրագմենտների տեղաշարժում, ազդրոսկրի ստորին երրոդական մակարդակի փափուկ հյուսվածքներում մետաղական օտար մարմին» վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Դեպքի վայրում քննչական խումբը հայտնաբերել է 2 հատ 9 մմ մարտական և 3 հատ 9 մմ գազային ատրճանակներից կրակված փամփուշտներ։

Հայտնաբերվել և քննիչին է ներկայացվել պոլիէթիլենային պարկի մեջ եղած ինքնաձիգ և մոտ 30 հատ մարտական փամփուշտ։

Այդ ավտոմատը Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Նարեկ Աբրահամյանը վիճաբանության ժամանակ խլել է Մ. Մուսայելյանի ձեռքից և ամեն պահի հնարավոր է՝ Մ. Աբրահամյանը դառնար զոհ։

Իսկ հանցագործության գործիք դանակը միջադեպի ժամանակ Մ. Մուսայելյանի ձեռքից խլել է Գորիս բժշկական կենտրոնի շտապօգնության վարորդ 44-ամյա Արա Աբրահամյանը և այն թողել է իր կողմից շահագործվող ՎԱԶ-2107 մակնիշի ավտոմեքենայում։ Նշված ավտոմեքենան նույնպես տեղափոխվել է ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Մ. Մուսայելյանին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։