Հասարակություն

Արմեն Չարչյանը դատապարտվեց պայմանական ազատազրկման

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը դատապարտվեց 3 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման։ Սակայն նրա նկատմամբ պատժամիջոցը պայմանականորեն չի կիրառվի և սահմանվել է փորձաշրջան։

Հիշեցնենք, որ Չարչյանը մեղադրվում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրողների վրա ճնշում գործադրելու համար։ Նա որոշ ժամանակ կալանքի տակ էր, իսկ ավելի ուշ գրավի դիմաց ազատ արձակվեց։

Դատախազը միջնորդել էր սահմանել պատիժ՝ 5 տարվա ազատազրկման տեսքով։ 

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ իրենք բողոքարկելու են դատավճիռը. «Յուրաքանչյուր արդյունք, որ կհանգեցնի պարոն Չարչյանի՝ ՔԿՀ-ում չգտնվելուն, ևս մեկ անգամ չհայտնվելուն, բնականաբար լավ է։ Բայց դատավճռի մասով ընդհանուր առմամբ ունենք անհամաձայնություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պարոն Չարչյանն անմեղ է, և տվյալ պարագայում պետք է կայացվեր արդարացման ակտ։ Բնականաբար, դատական ակտը բողոքարկելու ենք, և փորձելու ենք արդարադատությունն արդարացման տեսանկյունից վերականգնել վերադասության կարգով»։