Հասարակություն

Դանակահարություն՝ «Մեգամոլ»-ում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքը փրկելու համար

Փետրվարի 4-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում գործող «Մեգամոլ» առևտրի կենտրոնի երկրորդ հարկում դանակահարված քաղաքացի կա։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, մինչ շտապօգնության ժամանումը՝ վիրավորին, ով դանակի մի քանի հարված է ստացել մարմնի տարբեր մասերում, տեղում օգնություն են ցուցաբերել «Մեգամոլ»-ի անվտագնության աշխատակիցները, ապա ժամանած շտապօգնության բժիշկներին օգնել են վիրավորին տեղափոխել շտապօգնության ավտոմեքենան։ 

Աղբյուրի տեղեկություններով՝ տղամարդը նշված վայրում եղել է իր կնոջ և երեխայի հետ, երբ մյուս տղամարդը մոտեցել է նրան և առանց որևե բան ասելու՝ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով երեքից չորս հարված է հասցրել, ապա դեպքի վայրից դիմել փախուստի։

Այս պահին բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը և ձեռնարկում  են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություներ՝ հանցագործին, ով արարքը կատարել է հարյուրավոր քաղաքացիների ներկայությամբ և դիմել փախուստի, և հանցագործության գործիք առարկան հայտնաբերելու ուղղությամբ։