Հասարակություն

Իրավապահներն էկոնոմիկայի նախարարությունում մոտ 2 ժամ են մնացել

Իրավապահներն էկոնոմիկայի նախարարությունում մոտ 2 ժամ են մնացել

Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն անդրադարձել է նախարարությունում բացահայտված չարաշահումներին առնչվող քրեական գործին։ Նա ասել է, որ իրավապահները նախարարությունում մնացել եմ մոտ 2 ժամ։ 

Հարցին՝ տեղյա՞կ է եղել մրցութային գործընթացից, որի վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել, նա ժխտողական պատասխան է տվել՝ հավելելով, որ այն իրեն չի առնչվում։

Ինչ վերաբերում է նախարարությունում հնարավոր կոռուպցիոն երևույթներին, նա ասել է. «Գյուղատնտեսության ոլորտում դեռ 2022 թվականին վարչության պետի կողմից բարձրաձայնվել են որոշ հարցեր և դրանք փոխանցվել են համապատասխան կառույցներին: Այնուհետ, այդ հարցերի քանակի աճի որոշակի միտում ենք տեսել, և դրանք շարունակաբար ներկայացվել են իրավապահ մարմիններին, որոնց հաջորդել են տարբեր տեսակի գործողություններ: Այդ գործողությունների արդյունքում հարցաքննվել են և՛ ֆերմերներ, որոնք ըստ մեր դիտարկման, միգուցե կեղծ փաստաթղթեր են ներկայացրել, և՛, նաև, աշխատակիցներ: Կարծում եմ՝ այդ հարցը այդ համատեքստում է դիտարկվել: Որքանով տեղյակ եմ, ինտենսիվ այգիների ծրագրի շրջանակներում քննչական կոմիտեում կա վարույթ»:

Անդրադառնալով ինտենսիվ այգիների ծրագրին՝ փոխնախարարն ասել է, որ երբ ֆերմերները դիմումներ են ներկայացնում, մոնիտորինգային խումբն իրականացնում է տեղազննում, որ տվյալ պահին այգի չկա, ու մարդը նոր պետք է սկսի գործողություններ իրականացնել․ «Այդ փաստաթղթի հիման վրա մենք կնքում ենք պայմանագիր: Դրանք չեն համակարգվում մեկ մարդու կողմից, հատուկ առանձնացված են, որպեսզի մեկը մյուսին կարողանա վերահսկել: Այգին հիմնելուց հետո, երբ խոսքը վերաբերում է ծախսերի փոխհատուցմանը, մարդիկ ներկայացնում են իրենց փաստաթղթերը: Ներկայացնում են հաշիվ–ապրանքագրեր, պայմանագրեր, տարբեր տեսակի ծախսեր հավաստող փաստաթղթեր: Մոնիտորինգը ուսումնասիրում է, թե արդյո՞ք այգին առկա է, արդյո՞ք ծառերի քանակը, կպչունակությունը, կաթիլային ոռոգման տեխնոլոգիաները համապատասխանում են: Դրանից հետո, նոր, տալիս է եզրակացություն: Ծրագրերի իրականացման վարչությունը պարզապես համեմատում է, որ այդ ծախսերը իդենտիկ լինեն, որոնք կառավարության որոշմամբ սահմանված են:

Այն փաստաթղթերը, որոնք մենք փոխանցել ենք իրավապահ մարմիններին, նկատել ենք, որ որոշ մարդիկ, շահառուներ կեղծում են դրանք և նախարարություն ներկայացնում ուռճացված ծախսեր: Մենք կարծում ենք, որ իրավապահները պատշաճ ձևով ուսումնասիրություն կիրականացնեն, և այն մարդիկ, որոնք մեղավորություն ունեն, կներգրավվեն գործի շրջանակներում»:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական