ՀՀ քննչական կոմիտեից Radar Armenia-ի հետ զրույցում անդրադարձել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում իրականացվող ստուգումներին։
«ՀՀ քննչական կոմիտեի Պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում և Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում իրականացվող երկու տարբեր քրեական վարույթներով ՀՀ Քննչական կոմիտեի քննիչների և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից համատեղ իրականացվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական լայնածավալ գործողություններ, այդ թվում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 15 վայրերում, կատարվում են խուզարկություններ:
Մանրամասների մասին ըստ անհրաժեշտության կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հայտնեցին ՔԿ-ից:
Radar Armenia-ին հայտնի դարձավ, որ այս գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանը։
Վերջինս ՀՀ վարչապետի որոշմամբ, երեկ ազատվել էր աշխատանքից։
Հիշեցնենք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր անդրադառնալով նախարարությունում ԱԱԾ ստուգումներին, ասել էր. «Չգիտեմ, չեմ կարող ասել, ես այստեղ էի, դեռևս ոչ մի նորություն չունեմ․ կարծում եմ՝ ճիշտ կլինի մեկնաբանությունների համար դիմել մարմիններին, որ քննչական գործողություններ են իրականացնում»։