«Հայաստանը, որպես սուվերեն պետություն, չպետք է թույլ տա, որ մեկը, նստած օտար ափերում, ամենավերջին բառերով հայհոյի Հայաստանը, հայ ժողովրդին, Հայաստանի ղեկավարությանը՝ անկախ նրանից, թե մենք սիրում ենք այդ ղեկավարությանը, թե չէ». հայտարարել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը՝ լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ռուսական հեռուստաալիքների մասին հարցին։
Բացի այդ, ըստ նրա, տեղի է ունեցել օրենքի խախտում՝ հաղորդումներից մեկում եղել են բռնության կոչեր, սպառնալիքներ. խոսքը «Սպուտնիկ» ռադիոկայանի հեռարձակումը 30 օրով կասեցնելու մասին ՀՌՀ որոշման մասին է. «Որոշման մեջ մենք որոշեցինք շատ չծավալվել, որովհետև տհաճություն էր պատճառում, և շարունակաբար տեսնելով դա մի քանի հաղորդման ընթացքում՝ վարչական վարույթ հարուցեցինք, և այլ պատիժ չէր մնում, քան 30 օրով կասեցնել «Սպուտնիկ» ռադիոյի հաղորդումները»։
Հակոբյանը հիշեցրել է, որ «Սպուտնիկ»–ի խմբագրակազմն այդ որոշումից հետո դատապարտել է այդ հաղորդման ժամանակ տեղ գտած օրինախախտումը, հաղորդաշարը փակվել է. «Նրանք նույնպես ափսոսանք հայտնեցին բառամթերքի համար, ասացին, որ չի համապատասխանում իրենց խմբագրական քաղաքականությանը։ Հիմքեր ստեղծեցին, որ 30 օր հետո մենք վերականգնենք «Սպուտնիկի» հաղորդումներն ու «Տոսպա»–ի վերահեռարձակման իրավունքը»։
Հակոբյանը տեղեկացրել է, որ «Տոսպա»–ն իրենց որոշումը գնահատել է կատարվածին ոչ համահունչ ու խիստ և դիմել է դատարան։