«Օլեյնա» բրենդի սեփականատեր, գործարար, Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ։ Այս մասին հայտարարություն է տարածել Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը։
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ միջազգային խոշոր գործարար, մեր վստահորդ Կարեն Վանեցյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը վարույթն իրականացնողի (Քննչական կոմիտե) և Գլխավոր դատախազության կողմից հանրայնացվելու արդյունքում ստացել է մեծ հնչեղություն, իսկ այսօր ԶԼՄ-ների կողմից տարածվել է տեղեկատվություն Կարեն Վանեցյանի ՌԴ-ում ձերբակալման վերաբերյալ, անհրաժեշտ ենք համարում հայտնել հետևյալը․
1) Կարեն Վանեցյանը գտնվում է ազատության մեջ և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է՝ չեն համապատասխանում իրականությանը:
2) Կարեն Ռոբերտի Վանեցյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-ից մինչ օրս չի եղել Հայաստանի Հանրապետությունում, նախքան այդ երկարատև տևողությամբ ՀՀ-ում առհասարակ չի գտնվել, հետևաբար վերջինս մշտապես չի բնակվում ՀՀ-ում, զբաղվում է խոշոր ձեռնարկատիրական գործունեությամբ մի շարք երկրներում, այդ թվում՝ ՌԴ-ում:
3) Կարեն Վանեցյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին դատախազի 2023 թվականի նոյեմբերի 1-ի որոշմամբ մեղադրանքը վերաբերում է փողերի լվացմանը, սակայն դա ընդամենը Դատախազության և Քննչական մարմնի ունեցած վարկածն է: Իսկ վարկածը, որպեսզի իրապես դառնա մեղադրանք, պետք է լինեն դրա մասին վկայող, կամ ավելի հստակ՝ փաստող տվյալներ: Սույն դեպքում Կարեն Վանեցյանին վերագրվում են գործողություններ, որոնց հետ կամ ինքն առհասարակ առնչություն չունի ո՛չ տեսականորեն, և ո՛չ էլ գործնական իմաստով, կամ ընդհանուր բնույթի գործողություններ են, որոնց առնչությունը քրեական օրենսգրքին կրկին բացակայում է։
4) Կարեն Վանեցյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու ակնհայտ անհիմն, ընթացակարգային և նյութական բազմաթիվ խախտումներով «որոշումը» բողոքարկվել է Վճռաբեկ դատարան, հետևաբար օրինական ուժի մեջ չի մտել»:
Այսօր ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել է «Օլեյնա» բրենդի սեփականատեր, գործարար, Արթուր Վանեցյանի եղբայր Կարեն Վանեցյանը: