Հասարակություն

Բախվել են Toyota-ն ու «Մուրացան» ծննդատան Honda-ն․ վիրավոր բժշկուհին օգնություն է ցուցաբերել նորածնին

Բախվել են Toyota-ն ու «Մուրացան» ծննդատան Honda-ն․ վիրավոր բժշկուհին օգնություն է ցուցաբերել նորածնին

Հունվարի 28-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհից դեպի Հրազդան քաղաք տանող հատվածում՝ Հայ Ֆիդայիներ փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, բախվել են Toyota Corolla և Honda CRV մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվելու են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Աղբյուրը հայտնում է, որ Honda-ն հաշվառված է Երևանի պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցային համալիրի հաշվեկշռում և նշված հիվանդանոցի բժշկուհի Մերի Խաչատրյանը մեկնում էր մարզից նորածնին Երևանի բժշկական կենտրոն տեղափոխելու համար։ Ավտոմեքենայի լուսային փարոսիկները եղել են միացված, երբ նրա ու Toyota-ի միջև ճակատային բախում է տեղի ունեցել։

Վիրավոր բժշկուհին հրաժարվել է բժշկական օգնությունից և մարմնական վնասվածքներով մեկնել է նորածնի տուն, տեղում երեխային ինտուբացրել է և մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով երեխային տեղափոխել «Մուրացան» բժշկական կենտրոն, որից հետո միայն բժշկուհուն տեղափոխել են հիվանդանոց։

«Հրազդան» բժշկական կենտրոն է ժամանել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական