Հասարակություն

Արցախցի դատավորները ՄԻՊ-ին հանդիպման առաջարկով չեն դիմել

Արցախցի դատավորները ՄԻՊ-ին հանդիպման առաջարկով չեն դիմել

ՀՀ ՄԻՊ գրասենյակը հերքել է մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Անահիտ Մանասյանը չի ընդունել ԼՂ-ից տեղահանված դատավորներին։

««Հրապարակ» օրաթերթի` «ՄԻՊ-ը «ցրել» է և չի ընդունել արցախցի դատավորներին» վերտառությամբ հրապարակման` Մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի հատվածը չի համապատասխանում իրականությանը: 

Հունվարի 26-ին վերոնշյալ օրաթերթի նյութերից մեկում նշվել է, իբր արցախցի դատավորները դիմել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին` հանդիպման խնդրանքով, սակայն «վերջինս չի ընդունել նրանց, թեև շատերի հետ բավականին ջերմ հարաբերություններ է ունեցել»։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ արցախցի դատավորները կենսաթոշակի հարցով անձամբ Պաշտպանին պաշտոնական հանդիպման առաջարկով երբևէ չեն դիմել: Ավելին՝ ՄԻՊ աշխատակազմ հանդիպման առաջարկի վերաբերյալ ոչ գրավոր, ոչ էլ բանավոր դիմում չի ստացվել:

Հրապարակման մեջ նաև նշվել է, որ ՄԻՊ ընտրվելուց հետո Անահիտ Մանասյանն առաջին այցելություններից մեկը կատարել է Արցախ, «որտեղ նրան շատ ջերմ ընդունելության են արժանացրել»: Հարկ ենք համարում հավելել, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը ստանձնելուց հետո Անահիտ Մանասյանը նման այց չի իրականացրել՝ ԼՂ մուտք գործելու անհնարինությամբ պայմանավորված:

Մարդու իրավունքների պաշտպանն ու Պաշտպանի ներկայացուցիչներն անձամբ են գտնվել Սյունիքում` Գորիսում և Կոռնիձորում, ինչպես նաև` Վայքում, այնուհետև անընդհատ այցեր են իրականացրել և իրականացնում ու հանդիպումներ են ունենում արցախցիների հետ` փորձելով լուծումներ գտնել նրանց իրավունքներին վերաբերելի խնդիրներին։

Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց և հրապարակելուց։ Այդ համատեքստում լրատվամիջոցների մեր գործընկերներին կոչ ենք անում հետևել պատասխանատու լրագրության սկզբունքներին»,- ասված է ՄԻՊ աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական