Գործադիրն ընդունել է որոշում, որով «Ռազմավարական և առաջնահերթ ոլորտներում տեխնոլոգիական արդիականացում և բիզնես պրոցեսների օպտիմալացում» ծրագրի շրջանակում նախատեսվում է ևս մեկ բաղադրիչ ավելացնել, որը կնպաստի ընկերությունների թվայնացմանը: Կսահմանվեն նաև արդյունքային ցուցանիշներն Արտադրողականության խթանման միջոցառման իրականացումն առավել արդյունավետ ապահովելու համար:
Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ տարեկան առնվազն 1000 նոր/չօգտագործված մեքենա-սարքավորումների ներդրում ձեռնարկություններում, մշակող արդյունաբերության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների արտադրական տարածքների ընդլայնում, արտադրողականության և տեխնոլոգիական հագեցվածության բարձրացում, տարեկան առնվազն 400 բիզնես սուբյեկտներին բիզնես գործընթացների օպտիմալացման համար անհրաժեշտ խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման համար ֆինանսական օժանդակություն, տարեկան 400 բիզնես սուբյեկտի ֆինանսական աջակցություն, ով անցում կկատարի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրմանը բիզնես գործընթացներում։ Ծրագրի գործողության առաջին տարվա արդյունքներից ելնելով հնարավորություն կստեղծվի ձևավորել առաջարկություններ` ծրագրի ծավալների վերանայման և ծրագրի իրականացման ընթացքի արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Ըստ հիմնավորման՝ Արտադրողականության խթանման միջոցառման շրջանակում ձևավորված վարկային լիզինգային պայմանագրերով։ Պորտֆելի 59%-ը ուղղվել է ՓՄՁ ֆինանսավորմանը։ Լլիզինգային պորտֆելը 2024 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում է 207 մլրդ դրամ՝ 3591 կնքված վարկային պայմանագիր:
Ինչպես նշել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, այս պահի դրությամբ աջակցության ծավալի մոտավորապես 45 տոկոսը իր վրա է վերցրել մշակող արդյունաբերությունը, շինարարության ոլորտում գրանցվել են 47 միլիարդի ներդրումներ, նաև առողջապահության ոլորտի ընկերություններն են բավականին արագ թարմացնում իրենց սարքավորումները: Ծրագրի մյուս բաղադրիչով նախատեսվում էր բարձրացնել ընկերությունների արտադրողականությունը օտարերկրյա բարձրակարգ մասնագետների ներգրավմամբ. 28 ընկերությունում ներգրավվել է 367 մասնագետ: Սուբսիդավորվում է նրանց 3 տարվա աշխատավարձի 20, 50 կամ 70 տոկոսը: «Հիմա մենք ավելացնում ենք երրորդ բաղադրիչը, որն ուղղված է ընկերությունների թվայնացմանը: Այսօր Հայաստանում ընկերությունների 90 տոկոսից ավելին թվային առումով հասուն չէ, և մենք այս գործիքով փորձում ենք ընկերություններին օգնել դառնալ թվային ընկերություններ, այսինքն՝ արդիականացնել, թվայնացնել իրենց պրոցեսները»,- ասել է նախարարը: