Հասարակություն

Ի՞նչ անել, երբ դատավորը խախտել է օրենքը. դատական դեպարտամենտ

Ի՞նչ անել, երբ դատավորը խախտել է օրենքը. դատական դեպարտամենտ

ՀՀ դատական դեպարտամենտից հայտնում են. «Ի՞նչ անել, երբ դատավորը, ձեր համոզմամբ, խախտել է օրենքը, ձեր իրավունքը կամ կողմնակալ ու ապօրինի որոշում է կայացրել
Կարող եք միաժամանակ կամ հերթով դիմել Արդարադատության նախարարին կամ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովին:

Եթե այս մարմիններից գոնե մեկը գտնի, որ դատավորի արարքում խախտում կա, ապա գործը կբերի Բարձրագույն դատական խորհուրդ, որն էլ վերջնական կորոշի՝ պետք է տույժ տալ դատավորին, թե ոչ: Դատավորի տույժը կարող է լինել նախազգուշացումից մինչև լիազորությունների դադարեցում:

Կարևոր է իմանալ, որ Բարձրագույն դատական խորհուրդը չունի լիազորություն առանձին գործերի քննության ընթացքին որևէ կերպ միջամտելու կամ դատավորից պահանջելու, որ այս կամ այն գործը չքննի:

Խորհուրդը նաև չի կարող սեփական նախաձեռնությամբ դատավորին ազատել զբաղեցրած պաշտոնից:

Ինչպե՞ս դիմել. դիմումը կարող է ուղարկվել փոստով կամ էլեկտրոնային նամակով՝

Արդարադատության նախարարին՝ info@moj.am էլեկտրոնային հասցեով, կամ փոստային հասցե՝ 0010 ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 3/8 հասցեով։

Էթիկայի և կարգապահան հարցերի հանձնաժողովին՝ kargapahakan@court.am էլեկտրոնային հասցեով կամ փոստային հասցե՝ 0009 ք. Երևան, Կորյուն 15/1 հասցեով։

Ուշադրություն՝ անստորագիր նամակներին ընթացք չի տրվում, այն պետք է լինի հայերեն, պարունակի դիմողի անունը, ազգանունը, վարչական մարմնի անվանումը, որին ուղղված է դիմումը, ներկայացվող պահանջը, դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը, դիմողի ստորագրությունը, հետադարձ հասցեն»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական