ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, թե Հայաստանում 140.000 երիտասարդ չի սովորում որեւէ հաստատությունում․
«Վերջին մարդահամարի տվյալների համաձայն՝ 15-19 տարեկան երիտասարդների 20,6%–ը չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Վիճակն առավել մտահոգիչ է 20-24 տարեկան երիտասարդների մասով։ Այս տարիքային խումբը ներառյալ՝ չսովորող երիտասարդների համամասնությունը դառնում է 68,8%՝ ավելի քան 140 հազար մարդ»,- ասել է նախարարը՝ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումների շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ ունեցած ելույթում։
Նրա խոսքով՝ սա անթույլատրելի շռայլություն է մեզանում. «Որտեղ յուրաքանչյուր մարդն արժեք է, և մարդկային կապիտալի զարգացումն այլընտրանք չունի թե հանրային, թե տնտեսական զարգացման տեսանկյունից»։
Նախարարի խոսքով, այսպես մեծանում է նաև աղքատության ռիսկը. «Ավելին, այս մարդկանցից շատերն արդեն իսկ սոցիալապես խոցելի խմբերի ներկայացուցիչներ են»։