ՆԳՆ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ հունվարի 15-ին առևանգել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանին։
«Հունվարի 17-ին ժամը 15.50-ին մի կին wստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 15-ին ժամը 09.30-ին Թոթովենցի փողոցից, անհայտ անձինք ստիպողաբար իրեն նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, կտորով փակել են աչքերը, տեղափոխել են անհայտ վայր, որտեղ հանդիպել է մոտ 60-ից 65 տարեկան տղամարդու հետ, ում հետ քաղաքական գործունեության հետ պայմանավորված զրույց է ունեցել, որից հետո նույն անձանց կողմից, նույն կերպով իրեն տեղափոխել են Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել»,- Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից հավելելով, որ հաղորդումն ուղարկվել է քննչական կոմիտե։
Քննչական կոմիտեից էլ մեզ հետ զրույցում ասացին, որ առևանգման մասին ստացվել է հաղորդում, որի առթիվ հունվարի 17-ին քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ․
«Իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։
Ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ»։
Հայկ Մագոյան