ԲԴԽ-ն քննում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Գրիգորյանի նկատմամբ ՀՀ արդարադատության նախարարությունում հարցուցված կարգապահական վարույթը։
Արդարադատության նախարարության ներկայացուցիչ Հայկ Սանոյանը հայտնել է, որ դատավորի կողմից թույլ են տրվել վարքագծի կանոնների խախտումներ. «Դատավորն իրեն մակագրված «Վեոլիա–Ջուր ՓԲԸ-ն՝ ընդդեմ Հրանտ Գրիգորյանի» գործով գումարի բռնագանձման պահանջի մասին համապատասխան համարի քաղաքացիական գործով ինքնաբացարկ հայտնելու համապատասխան հիմքերի պայմաններում ինքնաբացարկ չի հայտնել, քննել և լուծել է գործը։ Միաժամանակ, դատավորը կողմերին չի բացահայտել ինքնաբացարկի հիմքերը, ինչը, մեր կարծիքով, այլ վարքագծի կանոնի խախտում է պարունակում։ Մի շարք նորմեր ենք մատնանշել»։
ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն էլ դատավորին հարցրել է, թե «որքանով է ճիշտ իր հորեղբոր տղայի գործով որոշում կայացնելը»։
«Այն, որ Ձեր հորեղբոր տղայի դեմ որոշում եք կայացրել, արդյո՞ք դա արդարացում է վարքականոնի իմաստով»,- հարցրել է Անդրեասյանը։ «Ես նրա դեմ չեմ կայացրել։ Ես արդարադատություն եմ իրականացրել՝ օրենքով սահմանված կարգով»,- ասել է դատավորը։
Նա պնդում է, որ չի իմացել, որ քաղաքացիական գործով անցնողը հորեղբոր տղան է։
ԲԴԽ-ն գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու. այն կհրապարակվի հունվարի 29-ին։