Հասարակություն

Ինչու՞ է թանկանում մրգօղու ակցիզային հարկը

Ինչու՞ է թանկանում մրգօղու ակցիզային հարկը

Մրգային օղի արտադրողները բողոքում են ակցիզային հարկի բարձրացումից։ Ըստ տնտեսվարողների՝ այն բարձրացել է 5 անգամ և խնդիրներ է ստեղծելու արտադրության համար։ 

Radar Armenia-ի հետ զրույցում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ անցյալ տարի հարկային օրենսգրքի փոփոխություններով ակցիզային հարկերը պետք է վերանայվեին ըստ ժամանակացույցի։ Այսինքն, ԵԱՏՄ կանոնակարգումների համաձայն՝ պետք է բարձրացվեին ակցիզային հարկերը։ Փոփոխությունը նախատեսված էր նաև մրգօղիների արտադրության ոլորտի համար։

Թունյանի խոսքով՝ ժամանակին մրգօղիների համար բացառություն է արվել, և դրանց ակցիզային հարկը մի քանի անգամ ավելի պակաս է եղել սովորական օղիների ակցիզային հարկից․ «Դա արվել է Հայաստանում մրգային օղիների արտադրության խթանման համար։ Հիմա պրակտիկան բերել է նրան, որ շատ են դեպքերը, երբ մարդիկ ուղղակի օղու վրա գրում են, որ մրգային է, ինչ–որ թեթև հավելում են անում ու վաճառում։ Դրա վերահսկողությունը բավականին բարդ է և պրակտիկորեն անհնար։ Հիմա մենք ոչ թե բարձրացրել ենք 5 անգամ, այլ վերադարձրել ենք նախկին կարգավորումը՝ մրգային օղիների ակցիզային հարկը հավասարեցնելով սովորական օղիների ակցիզային հարկին»։

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը ընդգծեց, որ օրենքն ընդունվել է անցած տարվա հունիսին և ուժի մեջ մտել այս տարվա հունվարից 1-ից։

Դժգոհությունների առնչությամբ պատգամավորը նկատում է, որ, նախ, սովորական օղի վաճառողները կարողանում են ակցիզային հարկով աշխատել. «Այսինքն, մրգային օղու դեպքում էլ կարող են աշխատել։ Իսկական մրգային օղիները իրենց արժեքով բավականին բարձր են։ Այսինքն, այդ գնի մեջ ակցիզային հարկը շատ ավելի քիչ տոկոս է կազմում, քան սովորական օղու դեպքում։ Եվ ամենակարևորը՝ ակցիզային հարկն ընդհանրապես սահմանվում է այն ապրանքների վրա, որոնք վնասակար ազդեցություն ունեն՝ օղի, ծխախոտ և այլն։ Այս դեպքում մրգային օղիների վրա ակցիզային հարկը նվազեցնելը կամ ավելացնելն առողջապահական տեսանկյունից պետք է հիմնավորվի։ Իսկ ո՞վ է ասել, որ մրգային օղի օգտագործելն ավելի ցանկալի է, քան սովորականը։ Այն ընկերությունները, որոնք իրական մրգային օղիներ են արտադրում, այսինքն, բարձրարժեք՝ գնով  և որակով, ակցիզային հարկը նրանց մրցունակության վրա չի ազդելու։ Հատկապես, որ այն ընկերությունները, որոնք արտահանում են, այդ ժամանակ ակցիզային հարկ ընդհանրապես չեն վճարում»։

Բաբկեն Թունյանը նաև թվեր է ներկայացնում, թե ինչքան է եղել ակցիզային հարկը և որքան է դարձել հունվարի 1-ից. «Մրգային օղու դեպքում ակցիզային հարկը մեկ լիտրի համար 800 դրամ էր, իսկ սովորական օղունը՝ 3200 դրամ։ Հունվարի 1-ից սովորական օղունը դառնում է 3800 դրամ, մրգային օղու ակցիզային հարկը՝ նույնպես։ Կես լիտրի դեպքում դառնում է 1900 դրամ, և, հաշվի առնելով, որ այդ օղիները 40-50 աստիճանի թնդություն ունեն, դառնում է 1 շշի համար 900-950 դրամ»։

Հայկ Մագոյան

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական