ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Դավիթ Խուդաթյանին։ Նախարարը նախ շնորհակալություն է հայտնել Էդվարդ Հովհաննիսյանին կատարած աշխատանքի համար և նշել է, որ 2022-2023 թվականների ընթացքում մարզը բավական լավ ցուցանիշներ է գրանցել և մեծ ծավալի աշխատանք է կատարվել։
Սանոսյանը շնորհավորել է Դավիթ Խուդաթյանին մարզպետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք։ Նախարարը վստահություն է հայտնել, որ Խուդաթյանը կկարողանա արագ ինտեգրվել աշխատանքին, քանի որ մարզը լավ գիտի, ծանոթ է մարզի առանձնահատկություններին։
Էդվարդ Հովհաննիսյանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել աշխատակազմին համատեղ արդյունավետ աշխատանքի համար և նշել, որ 2022-23 թվականներն արդյունավետ են եղել բազմաթիվ ծրագրերի իրականացման հարցում։
«Պատիվ եմ համարում երկու տարի իմ մարզին ծառայելը»,- ասել է Հովհաննիսյանը՝ վստահություն հայտնելով որ առկա թիմով, թիմային աշխատանքով նոր մարզպետը կկարողանա ավելին իրականացնել։
Դավիթ Խուդաթյանն էլ շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կարվի առավելագույնը` մարզի խնդիրները լուծելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ հունվարի 11-ին, Դավիթ Խուդաթյանը ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ։