Երևանի ընդհանուր իրասաության քրեական դատարանը որոշեց խուլիգանություն կատարելու համար մեղադրվող գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկամսյա կալանքը. հայտնում են ԲԴԽ–ից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քր․ օրենսգրքի 297-րդ հ․ 3-րդ մասով (խուլիգանություն՝ զենքի գործադրմամբ), նա ձերբակալվել էր։
Ըստ ոստիկանության՝ դեպքը տեղի է ունեցել Արամուս գյուղի ռեստորաններից մեկում․ «Հունվարի 11-ին, ժամը 23-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնում էր, որ Արամուս գյուղում կռիվ է, խնդրում է` ոստիկան մոտենա։ Մինչ բաժնի օպերատիվ խումբը շտապում էր Արամուս` ժամը 23.39-ին նոր հաղորդում է ստացվում արդեն «Աբովյան» բժշկական կենտրոնից. Արամուս գյուղից շտապօգնության խումբը բուժօգնության էր տեղափոխել 1977 թ. ծնված մի տղամարդու։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ճշտվել է 47-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք պատճառողի ինքնությունը: Նա հայտնաբերվել է Ջրվեժ թաղամասի հյուրանոցներից մեկում, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին»: