ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է ««Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի փոխադարձ ճանաչման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին, մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների իրականացման պլանի միջոցառումներից մեկն է: Նպատակն է գիտական աստիճանների վերաբերյալ փաստաթղթերի համապատասխանության ճանաչման միջոցով վերացնել աշխատանքային միգրացիայի ոլորտում բացառումները և սահմանափակումները` հիմք ընդունելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագիրը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հայտարարել է, թե համաձայնագրի վավերացումով կկարգավորվի գիտական աստիճաններին վերաբերող փաստաթղթերի փոխադարձ ճանաչումը: Նպատակը ԵԱՏՄ անդամ պետությունում աշխատանքի տեղավորման, աշխատանքային միգրացիայի ոլորտում մասնագիտական գործունեության իրականացման հասանելիության ապահովումն է այդ փաստաթղթերն ունեցող անձանց համար:
Նրա խոսքով ներկա պահին համաձայնագիրը չեն վավերացրել Հայաստանն ու Ղազախստանը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն: