ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել է, թե լաստանավային հաղորդակցությունը, որ պետք է այլընտրանք լիներ Լարսի անցակետին և թույլ տար բեռնափոխադրում իրականացնել դեպի Ռուսաստան, գործարկվել է, սակայն մի քանի ամիս աշխատելուց հետո դադարեցվել։ Ըստ նրա, լաստանավային հաղորդակցությունը արտահանողների և ներմուծողների համար բավարար հետաքրքրություն չի առաջացրել:
«Մեր գնահատմամբ՝ այն չի առաջացրել բավարար հետաքրքրություն արտահանողների և ներմուծողների մոտ: Եվ մենք չենք տեսել, որ արտահանող և ներմուծող ընկերություններն օգտագործում են այդ լաստանավն այնպես, որ մենք ինքներս մեզ և մեր գործընկերներին համոզենք այդ ծրագիրը շարունակելու վերաբերյալ»,- նշել է նա՝ հավելելով, որ հիմնական ջանքերը պետք է ուղղել այլ երկրներ արտահանումն ակտիվացնելու ուղղությամբ։
Ըստ նրա, գլխավոր ուղղությունը լինելու է մերձավորարևելյան ուղղությունը, Ծոցի երկրները, կարևոր են նաև ասիական, եվրոպական, ամերիկյան ուղղությունները։