Դատարանում քննարկվում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի քրեական գործով միջնորդությունը։
Իր ելույթում Արմեն Աշոտյանը հայտարարել է, թե իր գործը «ոտքից գլուխ սարքած է»։ Ըստ նրա՝ այնքան քննարկելու բան չկա, որ դատավորը քննարկում է, թե ինչ պարբերականությամբ է Աշոտյանն իր վրա հայացք նետում. «Ձեզ չեն հարգում նախաքննության մարմինները, որ այսպիսի գործ են սարքել, բերել, ու դուք ստիպված փորձում եք իրենց հետևից սանիտարի գործ անել, մաքրել։ Էդ նույնն է, որ խաշ կերած գնաս ստոմատոլոգի մոտ։ Չեն հարգի։ Էդ նույնն է, որ թելով ներքնաշորով մտնես եկեղեցի։ Էդ նույնն է, որ մի շաբաթ չլողանաս, գնաս սիրուհուդ մոտ։ Չեն հարգի»,- ասաց նա։
Աշոտյանի խոսքով՝ քրեական գործում «ինչին ձեռք ես տալիս, փլվում է»։
Նա շեշտեց, որ այս քրեական գործով տուժող չկա, որովհետև գործով անցնող իրավաբանական անձը լուծարվել է 2017թ., իսկ նախկին տնօրենն էլ 2013թ. ազատվել է աշխատանքից։
Մեղադրող կողմը կոչ արեց ձեռնպահ մնալ գործին «սարքած» և նման այլ արտահայտություններով պիտակավորելը։ Մեղադրողը շեշտեց, որ գործով նախնական դատաքննության փուլն է, և դեռ ապացույցները չեն հետազոտվել։